Հատուկ ծառայություն իրականացնող անձը յուրացրել է կալանավորի խոշոր չափերի գույքը
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնում անցկացված ստուգումներով պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը կատարել է խոշոր չափերի յուրացում:
Ինչպես փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարվա մարտի 20-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալված անձանց պահման վայրից հիշյալ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված խոշոր չափերի՝ 896 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը վստահվել է հատուկ ծառայություն իրականացնող անձին, ով, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիշյալ գույքը յուրացրել է:
Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: