Կալանավորները քննիչին մեղադրել են վկայի ցուցմունքը խեղաթյուրելու մեջ. ՀՔԾ
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Սամվել Դ.-ն և Արեն Վ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ Լոռու մարզային քննչական բաժնում իրենց վերաբերյալ քննված քրեական գործով քննիչը մեղադրյալի և վկայի միջև առերես հարցաքննություն կատարելուց հետո արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով վկայի տված պատասխանի իմաստն ամբողջությամբ փոխվել է:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: