Սպառողական շուկայում արձանագրվել է 1.4 տոկոս գնանկում
ՏնտեսությունՀայաստանի սպառողական շուկայում 2015թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 1.4 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3 տոկոս գնանկումով:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.7 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1 տոկոս հավելաճ:
2015թ. հունիսին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը՝ 97.6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.1 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 101.1 տոկոս:
2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.5 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը` 105.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 107 տոկոս, ծառայությունների սակագներինը` 104.1 տոկոս, իսկ հունվար-հունիսին 2014թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար 105.1, 105.6, 105.7 և 103.7 տոկոս:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.1-0.1 տոկոսով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.5 տոկոսով: