Այլընտրանքային պատիժների կատարման ոլորտի մասնագետները մասնակցել են պրոբացիայի վերաբերյալ սեմինարի
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հուլիսի 7-ին ԱՊԿ բաժնի, Երևան քաղաքի 7 բաժանմունքների և Լոռու բաժանմունքի անձնակազմի համար տեղի է ունեցել սեմինար՝ պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեմինարի ընթացքու մ փորձագետներն անդրադարձել են պրոբացիայի ծառայողի հիմնական դերին, դատապարտյալի ռիսկերի տարանջատմանը և գնահատմանը, պատժամիջոցների պլանավորմանը, ինչպես նաև պրոբացիայի ծառայության այլ գործառույթներին:
Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված սեմինարն անցկացրել են միջազգային փորձագետներ Քրիստոֆեր Ֆրոսթը (Մեծ Բրիտանիա), Էնդրյու Բերնհարդտը (Մեծ Բրիտանիա) և Իոան Դուրնեսկուն (Ռումինիա): Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը և Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավարը:
Զբաղվածության գործակալության պետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել պրոբացիայի պիլոտային ծրագրի շրջանակներում համագործակցել ԱՊԿ բաժնի հետ՝ ծառայությունում հաշվառված դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու համար: