Արարատցի երեխաները երկրորդ փուլով մեկնեցին Հանքավանի ճամբար
ՀասարակությունԱրարատի մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամ եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 95 երեխաներ հուլիսի 8-ի վաղ առավոտյան երկրորդ փուլով մեկնեցին Հանքավանի «Հեքիաթային կիրճ» մանկական առողջարանային ճամբար: Հիշյալ խմբի 7-13 տարեկան արարատցիները 20 օր կանցկացնեն ճամբարային մթնոլորտում. նրանց համար կկազմակերպվեն էքսկուրսիաներ, կծանոթանան պատմամշակութային արժքներին, կմասնակցեն սպորտային տարբեր խաղերի, պոեզիայի ցերեկույթների:
Արմենպրեսի փոխանցմամբ, Արտաշատի, Արարատի, Վեդիի եւ Մասիսի տարածաշրջանների երեխաներին ճանապարհելու համար մարզպետարանի բակ էին եկել մարզային կառույցի ղեկավարները` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վերջինս զրուցեց երեխաների ծնողների, հարազատների հետ, հետաքրքրվեց հուզող եւ անհանգստացնող հարցերի մասին: Նա իր խոսքում վստահեցրեց, որ ճամբարն այն վայրն է, որտեղ իրենց երեխաներն ապահով ձեռքերում են, իսկ իրենք կարող են այդ հարցում մտահոգություն չունենալ:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ՀՀ կառավարությունը վերոհիշյալ կարգավիճակով Արարատի մարզի 345 երեխաների հնարավորություն է ընձեռել ամառային արձակուրդների 20 օրն անցկացնել Հանքավանում: Մարզի տարբեր տարածաշրջանների 125 երեխաներ առաջին փուլով Հանքավան են մեկնել հունիսի 19-ին: Երրորդ փուլով` հուլիսի վերջին նույնքան երեխաներ կրկին կմեկնեն ճամբար:
Մարզային կառույցի ղեկավարները հոգացել էին նաեւ անվտանգության հարցերը. երեխաներին ուղեկցեցին շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: