РИА Новости-ն գրում է, որ Չինաստանի ամբողջ հարստության 1/3-ը պատկանում է երկրի բնակչության 1%-ին: Նման տվյալներ է հրապարակել Պեկինի համալսարանն իր զեկույցում:Վերջին տարիներին Չինաստանում, ՀՆԱ-ի արագ ավելացմանը զուգահեռ, կտրուկ աճում է Ջինիի գործակիցը, որը բնութագրում է հասարակության շերտավորումն ըստ եկամուտների: 1995-ին այն կազմել է 0.45, իսկ 2012-ին` 0.73: Այսպիսով՝ այդ ցուցանիշն ավելի է մոտենում կրիտիկական նշագծին` 1-ին, որը նշանակում է բացարձակ անհավասարություն: Հետազոտողները չինական տնային տնտեսությունները բաժանել են 5 տեսակի` աղքատներ ու հիվանդներ, «մրջյուններ», «խխունջներ», լավ և կայուն սպառումով մարդիկ և, վերջապես, հարուստներ: Աղքատներն ու հիվանդները գրեթե ամբողջ իրենց եկամուտը ծախսում են դեղերի համար, նրանք հեշտությամբ կարող են հասնել բացարձակ աղքատության: «Մրջյունները» տարբերվում են իրենց համեստ եկամուտով, «խխունջները» կարող են կուտակել, սակայն միջոցների խնայողությունը նրանց սպառումների մակարդակը հավասարեցնում է նախորդ երկուսին: Մյուս երկու խմբերը, այսպես կոչված, միջին դասն են և չափազանց ապահովված մարդիկ: