Մարզերն ակտիվացել են հակածխախոտային պայքարը
ՀասարակությունՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթային հանձնաժողովի հուլիսի 9-ի նիստում քննարկվել են բնապահպանական և ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերին դիմած ՀԿ-ների հայտերը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, հանձնաժողովի նիստին ներկա են գտնվել նաև ՀԿ-ների ներկայացուցիչ ներ։ Բնապահպանական անվանակարգերում հայտ էր ներկայացրել 21, իսկ ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերում՝ 11 հասարակական կազմակերպություն։
Մրցութային հանձնաժողովի ոլորտային անդամ Սիրարփի Արշակյանը, ով ներկայացնում է «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքը, խոսելով ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերում ստացված հայտերի որակի մասին՝ դրանց միջին գնահատական է տվել։ Ոլորտային փորձագետը նկատել է նաև, որ ներկայացված ծրագրերում կան որոշակի նմանություններ։ Ըստ Սիրարփի Արշակյանի՝ դրական է այն հանգամանքը, որ հակածխախոտային պայքարում բավականին ակտիվացել են մարզերը. ժամանակին հիմնականում աշխատանքներ էին տարվում մայրաքաղաքում, այժմ այդ պայքարի մեջ ներգրավվում են ոչ միայն մարզկենտրոնները, այլև քաղաքային և գյուղական համայնքներ։ Անդրադառնալով հասարակական տարբեր ակցիաների ունեցած ազդեցությանը՝ փորձագետը նկատել է, որ եթե ծրագիրը լավ է իրականացվում, ապա այն ունենում է դրական արդյունք։ Բնականաբար, 100 տոկոսանոց արդյունք ակնկալելն իրատեսական չէ, սակայն եթե մի քանի տոկոս էլ դրական տեղաշարժ գրանցվի, ապա ձեռքբերում է։
Առաջիկա օրերին հանձնաժողովի նիստերում կքննարկվեն մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, Ցեղասպանությանը, գյուղական համայնքների խնդիրներին և վերարտադրողական առողջությանն առնչվող անվանակարգերում ստացված հայտերը, և կորոշվեն հաղթողները։
ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհների հերթական մրցույթին դիմել է 57 ՀԿ։ 2015թ. ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն իսկ հայտարարել է դրամաշնորհների հատկացման 4 մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։