Մի խումբ երիտասարդներ հնամաշ անիվներ են տարել պաշտպանական դիրքեր
Հասարակություն«Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության երիտասարդական կառույցը մի խումբ անդամներ հավաքել և պաշտպանական դիրքեր են տեղափոխել հնամաշ անիվներ՝ հակառակորդի դիպուկահարների կրակը չեզոքացնելու համար: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀԿ-ի մամուլի ծառայությունից, կառույցը, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելով, հուլիսի 8-10-ը կազմակերպել է «Մեգաֆուդ» ՍՊԸ-ի տրամադրած անիվների տեղափոխում Հայաստանի պաշտպանական դիրքեր՝ Սիսիանի ուղղությամբ (մոտ 1000 անիվ):
Նախաձեռնող խմբի ղեկավար Մելիք Ամիրյանի ներկայացմամբ՝ ակցիայի նպատակն է աջակցել հակառակորդի դիպուկահարների կրակը չեզոքացնելու, պաշտպանական պատնեշներ կառուցելու համար երկրի սահմանապահ դիրքերում իրականացվող ինժեներական աշխատանքներին: «Այսկերպ անուղղակիորեն պարտադրում ենք հակառակորդին հրաժարվել ագրեսիվ նկրտումներից և գնալ հակամարտության կարգավորման երխոսության ճանապարհով»,- ասել է Ամիրյանը: Նրա խոսքերով՝ զորամասում երախտագիտությամբ են ընդունել բեռը և հետագա արդյունավետ համագործակցության հույս հայտնել:
Նախաձեռնող խումբը նախատեսում է հնամաշ անիվների մեկ խոշոր խմբաքանակ (3500 անիվ) առաջիկայում ևս տեղափոխել Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև, սահմանապահ Բերքաբեր համայնքի նորաբաց մանկապարտեզին տրամադրել խոհանոցային պարագաներ, ննջասենյակները համալրել համապատասխան կահույքով և անկողնային պարագաներով: