Շվեյցարիայի դատախազությունը կասկածելի նոր գործարքներ է գտել ՖԻՖԱ-ի գործում
ՀասարակությունՇվեյցարիայի դատախազությունը կասկածելի 28 նոր բանկային գործարքներ է հայտնաբերել, որոնք վերաբերում են 2018 և 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ընդունող երկրների՝ Ռուսաստանի և Քաթարի ընտրության ժամանակ միջոցների ենթադրվող ոչ նպատակային օգտագործման մասին գործին: Այդկերպ կասկածելի գործարքների մասին գործերի ընդհանուր թիվը հասել է 81-ի, գրում է Deutsche Welle-ն:
Ռուսաստանում և Քաթարում հերքում են իրենց մասնակցությունը կոռուպցիային և պատրաստվում են անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունները համաձայն հաստատված ժամկետների:
Հունիսի կեսին Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միխայել Լաուբերը հայտնել է, որ դատախազությունը բանկերից ստացել է փողերի լվացում ենթադրվող 53 դեպքերի մասին տեղեկություն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման մասին որոշումների ընդունման գործընթացում տրված հնարավոր կաշառքներին վերաբերող հետաքննությունը սկսվել է մայիսին՝ ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյաների ձերբակալումից հետո:
Ընդհանուր առմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքներ է առաջադրված 14 նախկին և գործող պաշտոնյաների: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 24 տարվա ընթացքում նրանք կասկածվում են ավելի քան 100 միլիոն դոլարի չափով կաշառք ստանալու մեջ: