Ատրպատականի Հայոց թեմում տոնել են Պայծառակերպության տոնը և Վարդավառը
ՀասարակությունՔրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող` հանգուցյալների հիշատակին նվիրված մեռելոցին Թավրիզի ազգային Հանգստարանի Սուրբ Շողակաթ եկեղեցում կատարվել է գերեզմանօրհնեքի արարողություն: Հոգեհանգստյան պաշտոն է կատարվել Ուրմիայի գերեզմանատանը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդարանի մամուլի ծառայությունից, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տաղավար տոնի առթիվ Ատրպատականի Հայոց թեմում մատուցվել է Սսուրբ և անմահ պատարագ, նշվել իրար վրա ջուր ցանելու` Վարդավառի ազգային ավանդույթը: Թավրիզի Լիլավա թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում Արժանապատիվ Տեր Առաքել քահանա Տմտմյանը մատուցել է պատարագ և քարոզ կարդացել: Քարոզում Տեր հայրն անդրադարձել է Թափոր լեռան վրա Հիսուսի պայծառակերպության դրվագին, այնուհետև ներկայացրել է Վարդավառի ազգային ավանդույթնը և Գրիգոր Լուսավորչի կողմից քրիստոնեացված մյուս ազգային ավանդույթները:
Պայծառակերպության տոնի առթիվ Ներսես քահանա Պասիլյանի առաջնորդությամբ պատարագ է մատուցվել նաև Ուրմիայի Սուրբ Ստեփանոս եկեղեցում: Տեր հայրը, հղում կատարելով Ավետարանին, մեկնաբանել է Տիրոջ այլակերպությունը: