Գերման Ստերլիգովը հերքել է իր մասնակցությունը ազգայնական «ԲՈՌՆ» բանդային
ՀասարակությունՏեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանում ինձ 15 տարվա ազատազրկում է սպառնում, եւ ես ազգայնական «ԲՈՌՆ» բանդայի ղեկավարն եմ, եւ իմ հողերում նրանք վարժանքներ են իրականացնում, սուտ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ռուսաստանցի մեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովը:
Նրա խոսքով, այդ տեղեկատվությունը սկսել են տարածել 5 տարի առաջ այն մարդիկ, ովքեր արդեն դատապարտված են եղել եւ գտնվում էին իրարից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա:
«Լրիվ հանկարծակի նրանք հիշել են իմ մասին, ընդ որում ես նրանց անձամբ չեմ ճանաչում: Թե ինչ է «ԲՈՌՆ»-ը, ես իմացել եմ մեկ շաբաթ առաջ իմ որդուց: Մինչ այդ ես կարծում էի, որ դա «Բոռնի դավադրությունը» ֆիլմի հերոսի անունն է կամ նման մի բան: Պարզվում է, որ այդպես են անվանել ռուս ազգայնականներին»,-ասել է Ստերլիգովը:
Նշենք, որ Գերման Ստերլիգովը ընտանիքով տեղափոխվել է ԼՂՀ եւ մտադիր է բնակություն հաստատել այնտեղ: