Հայ արիականներն ու հեթանոսները Սևանում տոնել են Վարդավառը
ՀասարակությունՀայ արիական միաբանության հոգևոր հանձնախմբի քրմական դասը հուլիսի 12-ի արևածագին վարդավառյան ծես է կատարել Սևանի կենտրոնում՝ փառաբանելով հին հայկական դիցաբանության սիրո աստվածուհի Աստղիկին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, քրմերն, ավանդույթի համաձայն, դաղձի ու ուրցի թրմաջուր և վարդի թերթիկներից պատրաստած օշարակ են շաղ տվել Սևանա լճի ջրերում՝ Աստղիկ աստվածուհուց խնդրելով, որ «երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ»:
Ծեսից քրմերն ափ են դուրս եկել, և հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները ավանդական ջրախաղից հետո նստել են տոնական սեղանի շուրջ՝ զարդարված ծիսական ուտեստներով: Քրմերը հաղթաձոն են հղել առ Աստղիկ աստվածուհին՝ հայերի սրտերը սիրավառ պահելու, սիրող զույգերին էլ սատարելու խնդրանքով:
Հայ արի քրմերը փառաբանել են նաև հայ աստվածներին ու Տիեզերքի արարչին: