«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն երեք տարածքային կազմակերպություն ունի
ՀասարակությունԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի և տարածքային կազմակերպության վերահսկողի ընտրությունների, ինչպես նաև նոր տարածքային կազմակերպությունների վերաբերյալ: Արմենպրեսի հաղորդմամբ՝ պատգամավորը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի և տարածքային կազմակերպության վերահսկողի ընտրությունները երեկ անցան դրամատիկ պայքարում: Տարածքային կազմակերպության խորհրդի անդամների ընտրությունները անցան երկու փուլով, որովհետև թեկնածուներից երկուսը հավաքել էին հավասար թվով ձայներ: Տարածքային կազմակերպության վերահսկողի ընտրություններում առաջադրվեց երեք թեկնածու: Այստեղ երկրորդ փուլի անհրաժեշտություն չառաջացավ:
Այսօրվա դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրել է երեք տարածքային կազմակերպություն. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, Աբովյանում, Գյումրիում: Կուսակցության համաժողովում ընտրվել է վարչություն, վարչությունն ընտրել է նախագահ, փոխնախագահ, մամուլի քարտուղար: Բոլոր ընտրությունները անցել են փակ-գաղտնի քվեարկությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ազատ, ժողովրդավարական ընտրական համակարգը անշրջելի իրականություն է»,- գրել է Փաշինյանը: