ԼՂՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի սպառնալիքներին
ՀասարակությունՀավատարիմ մնալով իր ապակառուցողական դիրքորոշմանը և շարունակելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները` ադրբեջանական կողմը հունիսի 14-ին հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգայի ն զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում: Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնակցությամբ տեղում անցկացնել դիտարկում և պարզել իրական ճշմարտությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` հայկական բնակավայրերի և ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի:
Միաժամանակ ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: