Լևոն Մինասյանը «Ոսկե ծիրան»-ն անկրկնելի երևույթ է համարում
Մշակույթ«Ոսկե ծիրան»-ն անկրկնելի ու անսպասելի երևույթ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 14-ին նշեց ֆրանսահայ ռեժիսոր Լևոն Մինասյանը: Նրա խոսքով՝ երևանյան միջազգային կինոփառատոնի շնորհիվ լավ հայկական ֆիլմեր են նկարահանվում:
«Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված ֆիլմերի որակը բարձրացել է. փառատոնի մատը խառն է այս ամենում: Եթե «Ոսկե ծիրան»-ը չլիներ, հայկական կինոն կոչնչանար: Փառատոնը պետք է շարունակվի»,Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Լևոն Մինասյանը:
Ֆրանսահայ ռեժիսորն իր հետ Հայաստան է բերել «Սանդվիչ կղզու մարդը» կինոնկարը, որն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում:
Ֆիլմի հերոսը՝ 12-ամյա Լիոն, միայնակ մոր միակ զավակն է և դպրոցում առաջադրանք է ստանում նկարագրել իր հոր ծննդավայրը: Խնդիրն այն է, որ նա երբեք չի տեսել հորը: Շուտով Լիոն պարզում է, որ հայրը ծնունդով Հարավային օվկիանոսի մի կորած-մոլորած ու անբնակ փոքրիկ կղզուց է, որը զվարճալի անուն ունի` Սանդվիչ: Որոշելով գտնել հորը` տղան երկար ու վտանգալի ճանապարհ է ձեռնարկում դեպի Սանդվիչ կղզի:
«Իմ բոլոր ֆիլմերի մեջ հայկական տարրեր կան: Ինչքան էլ հեռանանք, ինչքան էլ ապրենք օտար ափերում, մենք չենք կարող չվերադառնալ»,-նշեց Լևոն Մինասյանը: Նրա խոսքով՝ ֆիլմում նկարահանվել են շատ հայտնի դերասաններ, ինչպես Աննա Մուգլալիսը, ով եղել է Հայաստանում:
«Ֆիլմը երեխաների մասին է, իսկ երեխաների հետ աշխատելը շատ դժվար է: Ֆիլմում հնչում է Վարդան Պետրոսյանի երգերից մեկը: Վարդանի մասին հաճախ եմ մտածում»,-նշեց նա:
Կինոնկարն իսպանական մի շարք փառատոնների մրցանակակիր է: