Սեյրան Օհանյանն արձանագրում է զորակոչի գործընթացի կազմակերպման բարելավման փաստը
ՀասարակությունԲանակի այսօրվա ղեկավարությունը, ժողովուրդը քաջ գիտակցում են զորակոչը պատշաճ մակարդակով և ազնիվ իրականացնելու անհրաժեշտությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի գնահատմամբ՝ զորակոչի գործընթացը յուրաքանչյուր տարի բարելավվում է և հետագայում էլ նոր մեթոդներ են ներդրվելու այն ավելի արդար անցկացնելու համար:
‹‹Արդեն երկրորդ զորակոչն է, ինչ կանխարգելիչ պատվաստումներն իրականացնում են հենց զորակոչային ժամանակահատվածում: Այսօր չտեսա որևէ մի զորակոչիկի ով չէր ցանկանում ծառայել կամ գիտակցաբար չէր ներկայացել: Մենք տարեցտարի բանակը դարձնում ենք մարդակենտրոն, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ յուրաքանչյուր անհատ, զինծառայող ոչ թե բանակի հրամանատարական կազմի համար ռեսուրս է, այլ անհատականություն, ումից կախված է բանակի մարտունակությունը: Անհատականությունը հնարավորություն ունի բանակում և՛ սովորելու, և՛ արագ տիրապետելու զինվորի մասնագիտությանը, նաև ապահովելու նրա զարգացումը»,-ասաց նա:
2015թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրy ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր այս տարվա մայիսի 19-ին: Համաձայն հրամանագրի՝ 2015 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացվում է ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ: