Նարեկ Սարգսյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքաշինության ոլորտում հայ- ճապոնական համագործակցության հնարավորությունները
ՀասարակությունՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարականության հետ կապերի ծառայությունից, քաղաքաշինության նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերություններից՝ Նարեկ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կխթանի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը:
Ներկայացնելով ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրային առաջնահերթությունները՝ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-Ճապոնիա համագործակցության հնարավորություններին՝ այդ համատեքստում հատկապես առանձնացնելով երկու երկրների համար կարևորություն ներկայացնող՝ սեյսմակայուն շինարարության ոլորտը, ուր Ճապոնիան նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ լուրջ հաջողությունների է հասել: «Ես Հայաստան-Ճապոնիա գործակցության շատ կոնկրետ դաշտ եմ տեսնում, մասնավորաբար, Հայաստանը հարուստ է ոչ մետաղական հանքանյութերով, բնական քարերի բազմապիսի տեսակներով, հատկապես` շինարարության արտադրանքի համար ջերմամեկուսիչ նյութերով, և ճապոնական տեխնոլոգիաների կիրառմամբ երկուստեք փոխշահավետ ծրագրեր կարելի է իրականացնել» ,- ասել է նախարարը:
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, քաղաքաշինության բնագավառում գործնական համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ առաջարկելով երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրային փաթեթ պատրաստել:
Հանդիպման ավարտին վերստին շեշտելով հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ կատարելիք աշխատանքների կարևորությունը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին նվիրել է «Եղեռն եղեռնից հետո» վերնագիրը կրող եռալեզու գիրքը: