Տեսախցիկներն արձանագրել են երևանյան ինտերնետ ակումբից հեռախոսի գողության դրվագը
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինտերնետ ակումբի սրահից «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
բաժնից, 2015թ. հունիսի 18-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը «Ցիտրուս» ինտերնետ ակումբի սրահից գաղտնի կերպով հափշտակել է քաղաքացի Լ. Հովսեփյանին պատկանող, զգալի չափերի՝ 150.000 ՀՀ դրամ արժողությամբ, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են ինտերնետ ակումբի տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ պատկերված է գողության դրվագը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով:
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: