«Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժումը ներկայացրեց իր գործողությունների ծրագիրը
ՀասարակությունԵրևանի Ազատության հրապարակում «Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հուլիսի 17-ին քննարկում էր հրավիրել, որի ընթացքում հանրության դատին ներկայացվեցին իրենց անդամների կազմը, կանոնադրությունը և գործողությունների ծրագիրը:
«Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ եթե մինչև օգոստոսի մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, իրենք շարունակելու են քաղաքացիական դիմադրությունն այդ որոշմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ոտքի´, Հայաստան» քաղաքացիական շարժումն իր գործողությունները իրականացնելու է երեք փուլով՝ առաջին փուլում իրենք առձեռն թռուցիկներ են բաժանելու յուրաքանչյուր ընտանիքի, որպեսզի բացատրեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելու իրենց պահանջի հիմնավորվածությունը: Բացի այդ, այդ թռուցիկների միջոցով իրենք բացատրելու են մարդկանց խաղաղ քաղաքացիական պայքարի ձևերը և հորդորելու են անցկացնել հանրահավաքներ:
Երկրորդ փուլով «Ոտքի´, Հայաստան» շարժումը փորձելու է հինգ օրով արգելափակել է Երևանի գլխավոր փողոցները:
Երրորդ փուլում իրենք կրկին թռուցիկներ են բաժանելու, որոնցում փորձելու են բացատրել, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել կոմունալ վարձերի վճարումից (նաև հեռախոսակապի), մինչև հասարակության պահանջների կատարումը: