Սոնա Շահգելդյան. «Ես ու ամուսինս առանձին ենք ապրում»
LifestyleBlognews.am-ը գրում է.
Exclusive
Երգչուհի Սոնա Շահգելդյանը երեկ հայտարարել է, որ ամուսնացել է։ BlogNews.am-ը Սոնայի հետ զրուցել է գաղտնի ամուսնության, ամուսնական կյանքի և սիրելիի մասին։ Սոնայի խոսքով՝ ինքն ամուսնացել է դեռևս փետրվարի 14-ին՝ իր ծննդյան օրը։ Սիրելին իր ոլորտից չէ, զբաղվում է բիզնեսով։ «Կարևորը՝ աշխատող է»,- նշեց երգչուհին։

«Ամուսնությունից հետո միայն լավ բաներ են եղել՝ շատ ավելի երջանիկ եմ դարձել։ Կարևորը հետագա կյանքն է։ Ուրախ եմ, որ երկուսս էլ աշխատում ենք, զբաղված ենք լինում և իրար շատ կարոտում ենք»,- ասաց Սոնան։ Թեև շատերը չեն պատկերացնում Սոնային առանց մայրիկի, ըստ երգչուհու՝ ինքն ու ամուսինն առանձին են ապրում։
Նա նշեց, որ իր և սիրելիի որոշմամբ հարսանիք չի եղել։ «Հարսանիքի փոխարեն կարող ենք շրջագայել տարբեր երկրներով։ Կարծում եմ՝ որևէ մեկին ապացուցելու բան չունեմ»,- ասաց նա ու հավելեց, որ ամուսնությունը գրանցել են ԶԱԳՍ-ում։ «Եթե ցանկանամ, կհագնեմ հարսի շոր։ Ես շատ զույգերի եմ երջանկացրել իմ երգով, շատ հարսանիքների եմ մասնակցել։ Ինձ համար հարսանիքը և հարսի շորը կարևոր չեն, շատ ավելի գլոբալ բաներ կան կյանքում։ Շատ զույգեր կան, թեկուզ մեր շոու բիզնեսից, ովքեր հարսանիք չեն արել և շատ երջանիկ են, իսկ եկեղեցի անպայման կգնանք։ Եկեղեցի մտնելիս մարդ պետք է պատրաստ լինի, մաքուր հոգով և սրտով մտնի եկեղեցի, դա շատ կարևոր է ինձ համար։ Ամուսնությունը խաղ ու պար չէ, դա ամբողջ կյանքի համար է, որպեսզի ունենաս լավ ընտանիք, ամուսին, երեխաներ։ Ես ամեն ինչ թողնում եմ Աստծո հույսին»,- նշեց Սոնան։

Երգչուհու փոխանցմամբ՝ ինքն ու սիրելին դեռ աշխատում են և մեղրամսի կմեկնեն ավելի ուշ. «Մինչ այդ մայրիկիս հետ կգնանք Դիլիջան, իսկ հետո սիրելիիս հետ կմեկնենք շրջագայության»։
Ինչ վերաբերում է ամուսնությունն այսքան ժամանակ գաղտնի պահելուն՝ Սոնան ասաց. «Գաղտնի պահելու խնդիր չի եղել։ Շատ մարդիկ ամուսնանում են և չեն տարածում դա, ամեն մեկն ունի իր կյանքը։ Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին։ Ես հարգում եմ նրա կարծիքը և համամիտ եմ նրա հետ։ Դա մեր կյանքն է, մենք ենք որոշում ինչպես ապրել։ Մենք չենք հետաքրքրվում ուրիշների կյանքով, չենք էլ ուզում, որ մեր կյանքով հետաքրքրվեն»,- եզրափակեց երգչուհին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի