ՀՀ առողջապահության նախարարը դրական լուծում է տվել շուրջ երկու տասնյակ քաղաքացիների հարցերի մեծ մասին
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին նաև նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի անդամները: Գործող կարգի համաձայն՝ հերթագրված քաղաքացիների դիմումներն առավելապես բուժական հարցերով էին, մեկն էլ` ծառայողական:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` ՀՀ առողջապահության նախարարը բարձրացված հարցերի լուծման համար տվել է հանձնարարականներ, լրացուցիչ ցուցումներ:
Շուրջ երկու տասնյակ քաղաքացիների հարցերի մեծ մասը դրական լուծում է ստացել: Քաղաքացիները շնորհակալություն են հայտնել նախարարին աջակցության և սրտացավ վերաբերմունքի համար:
Քաղաքացիների ընդունելությունն, ըստ գործող կարգի, ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվում է յուրաքանչյուր երեքշաբթի` ՀՀ առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության և դրա արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերահսկման կարգի համաձայն: