Ծնողազուրկ հայ երեխաները Մոսկվայում կներկայացնեն հրեշտակների պատկերմամբ իրենց աշխատանքները
ՀասարակությունՀայաստանի մանկատների սաների՝ հրեշտակների պատկերմամբ աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում կայանալիք «Խաղաղության հրեշտակ» խորագրով ցուցահանդեսին: Հոկտեմբերին կայանալիք ցուցահանդեսին հայ մանուկների աշխատանքները կներկայացվեն ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող կամ բազմազավակ ընտանիքներից ռուսաստանցի երեխաների աշխատանքների հետ մեկտեղ: Այս մասին հուլիսի 21-ին հայտնեց «Добро-без границ» (Բարիք առանց սահմանների) նախագծի ղեկավար Եկատերինա Մինսաֆինան:
«Անհամբեր սպասում եմ հավաքելու հայ մանուկների աշխատանքները, ներկայացնելու դրանք Մոսկվայում և հետ վերադառնալու երեխաների համար նախատեսված նվերներով: Նախագիծը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, ՌԴ Հանրային պալատում», - տեղեկացրեց նա:
Այս անգամ «Добро-без границ» նախագծի ղեկավար Եկատերինա Մինսաֆինան, Երիտասարդական Խաղաղության դեսպան Լիդիա Սլեպցովան և կազմակերպության անդամ Անժելիկա Կրիստևան Նանսենի անվան մանկատան սաների համար բարեգործական ակցիայի շնորհիվ հավաքագրել են և Հայաստան են բերել հագուստ, կոշիկներ և հիգիենայի պարագաներ: