Մարտունու բժշկական կենտրոնում այս տարի կատարվել է 458 վիրահատություն եւ գրանցվել շուրջ 3000 կանչ
ՀասարակությունՄարտունու բժշկական կենտրոնում այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում կատարվել է 458 վիրահատություն, որից 274-ը` մեծ խոռոչի օրգանների: ՄՆացած 136-ը եղել են քիթ-կոկորդի եւ 48-ը՝ փոքր տեսակի վիրահատություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վարդան Կարապետյանը, վեց ամիսներին բուժհաստատությունն ունեցել է 1886 հիվանդ, որոնց թիվը հուլիսի 21 օրերի ընթացքում հասել է 2122-ի:
Այս տարվա ընթացքում այստեղ գրանցվել է շուրջ 3000 կանչ, որոնք հիմնականում վերաբերել են սրտանոթային համակարգի, ճնշման տատանումների, թունավորումների, ջերմությամբ ուղեկցվող հիվանդությունների դեպքերին:
Բժշկական կենտրոնն ունի հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ստորաբաժանումներ, որոնցից առաջինում այժմ գործում են ընդհանուր վիրաբուժական, ընդհանուր թերապեւտիկ, ընդհանուր մանկաբուժական, ինֆեկցիոն եւ վերակենդանացման, իսկ երկրորդում՝ պոլիկլինիկական, շտապօգնության, պաթոլոգոանատոմիական (կատարվում են դիահերձումներ), ֆիզոթերապեւտիկ, լաբորատոր հետազոտությունների ծառայություններ:
Կենտրոնի բաժանմունքներում առկա բուժսարքավորումները հիմնականում հնացած են: Միայն վերջերս Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ է երկու ծրագիր ներդրվել, որոնցից առաջինով լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվել, իսկ հեռահար բժշկության ծրագրով` մի քանի այլ նոր սարքավորումներ:
Բժշկական կենտրոնը համալրված է որակյալ մասնագետներով: Կենտրոնում աշխատում են 52 բժիշկ: Կադրերի հարցը հիմնականում լուծված է, զգացվում է միայն նյարդաբանի, թերապեւտի եւ ռեանիմատոլոգի կարիք: «Երիտասարդ կադրերը կրթություն ստանալուց հետո վերադառնում եւ աշխատանքի են անցնում հայրենի քաղաքում: Վերջերս մեզ մոտ աշխատանքի անցան նոր սրտաբանը, ռենտգենոլոգը եւ անոթային վիրաբույժը, ովքեր երիտասարդ ու բանիմաց կադրեր են»,- հավաստեց տնօրենը:
Խոսրով Խլղաթյան