Սալվադորի հետախուզվող նախկին նախագահը ներկայացել է դատարան
ՄիջազգայինՍալվադորի նախկին նախագահ Ֆրանսիսկո Ֆլորեսը, որը հետախուզվում էր 10 մլն դոլար յուրացնելու մեղադրանքով, կամավոր ներկայացել է դատարան, հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Ֆլորեսը փաստաբանի ուղեկցությամբ ներկայացել է երկրի մայրաքաղաք Սան Սալվադորեի դատարան: Դատարանի որոշմամբ՝ դատավարության ամբողջ ընթացքում նա տնային կալանքի տակ կլինի իր հարմարավետ առանձնատանը, որտեղ նրա նկատմամբ շուրջօրյա վերահսկողություն կսահմանվի:
Նախկին նախագահն իր կամավոր ներկայանալը պատճառաբանել է օրենքի հանդեպ տածած հարգանքով:
Ֆրանսիսկո Ֆլորեսը Սալվադորի նախագահն էր 1999—2004թթ.: 10 մլն դոլարի տնտեսական օգնությունը, որի յուրացման մեջ մեղադրվում է Ֆլորեսը, Սալվադորին 2003 թ. վերջին եւ 2004-ի սկզբին հատկացրել էր Թայվանը: Սալվադորի գործող նախագահ Մաուրիսիո Ֆունեսը պնդում է, որ օգնությունը բանկերի շղթայի միջով անցնելով փոխանցվել է Ֆլորեսի հաշվեհամարին:
Նախկին նախագահը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2014թ. ապրիլին, կտրականապես հերքում է մեղադրանքները՝ այդ ամենը որակելով քաղաքական հետապնդում: