Գյումրեցի երիտասարդների համար կազմակերպվում է վրանային հոգևոր ճամաբար
ՀասարակությունՇիրակի Թեմի Սուրբ «Յոթ Վերք» եկեղեցու երիտասարդաց միությունը թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և «Գյումրու ուսանողական խորհուրդ»-ի հետ համատեղ կազմակերպում է վրանային հոգևոր ճամաբար: Օգոստոսի 5-9-ը կազմակեպվող ճամբարը կգործի Սևանի Վազգենյան ճեմարանի տարածքում:
Հոգևոր ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան այդ օրերի ընթացքում ոչ միայն իրենց ակտիվ հանգիստն անցկացնել գեղատեսիլ Սևանում, այլ նաև մասնակցել ժամերգությունների ու պատարագների, լսել հոգևոր զրույցներ, ծանոթանալ Հայ Առաքելական եկեղեցու ծեսերին ու տոներին:
Ճամբարը նախատեսված է 15-35 տարեկան բոլոր ցանկացողների համար: Նախապես սահմանված է 60 տեղ: Ընտրությունը կկայանա՝ հաշվի առնելով ցանկացողների լրացրած հայտը: Այս մասին հուլիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սուրբ «Յոթ Վերք» երիտասարդաց միության խորհրդի անդամ Հայկարամ Դրմեյանը: Ի դեպ, նմանատիպ հոգևոր ճամբար անցկացվում է արդեն երրորդ տարին, բայց առաջին անգամ է, որ երիտասարդներին աջակցում է Գյումրու քաղաքապետարանը:
Գյումրու ավագանին հուլիսի 17-ին կայացած նիստի ժամանակ որոշեց 400.000 դրամ հատկացնել հոգևոր երիտասարդական վրանային ճամբարի կազմակերպման և ծրագրի իրականացման համար: «2009 թվականից սկսած պարբերաբար նմանատիպ ճամբարներ կազմակերպել ենք: Ճամբարներն իրենց մեջ պարունակում են մի քանի բաղադրիչ՝ նախ հոգևոր դաստիրակություն երիտասարդների համար, ապա երիտասարդների ցանկությամբ ոչ ֆորմալ կրթության դասընթացներ: Ճամբարը նպատակ ունի նաև երիտասարդներին համախմբելու՝ նրանց ամառային ակտիվ հանգիստը համատեղելով հոգևոր և հայրենասիրական դաստիրակության հետ»,- իր խոսքում նշեց Շ/Թ Սոցիալ - կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության ղեկավար Սարինե Ասատրյանը:
Արմենուհի Մխոյան