Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջում է ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային
ՀասարակությունԱՄՆ-ում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists - CPJ) հանդես է եկել Խադիջա Իսմայիլովայի պաշտպանության մասին հայտարարությամբ, ում նկատմամբ այսօր Բաքվում դատավարություն է սկսվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության ներկայացուցիչ Նինա Օգնյանովան այդ առնչությամբ ասել է. «Խադիջա Իսմայիլովայի, ինչպես նաեւ մնացած բոլոր լրագրողների ազատ արձակումն Ադրբեջանի համար ճիշտ որոշում կլիներ եւ կնպաստեր այդ երկրի միջազգային հեղինակության լավացմանը»:
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Ադրբեջանում ճաղերի հետեւում են նվազագույնը 7 լրագրողներ եւ բլոգերներ, միջազգային կազմակերպությունները նրանց քաղբանտարկյալներ են ճանաչում եւ պահանջում ազատ արձակել:
Ինչ վերաբերվում է Խադիջա Իսմայիլովային, հայտարարության մեջ ասվում է, որ նա դատապարտվում է տնտեսական հանցագործություններ կատարելու շինծու մեղադրանքներով:
Իրականում Ադրբեջանի իշխանությունները Խադիջա Իսմայիլովային հետապնդում են իշխանության վերին օղակների կոռուպցիոն, մասնավորապես` Ադրբեջանի իշխող ընտանիքի բիզնես գործողությունները բացահայտող հետազոտություններ անցկացնելու համար:
Խադիջա Իսմայիլոավյի նկատմամբ սկզբում «ինքնասպանության հասցնելու», իսկ հետո «խոշոր չափերի յուրացում եւ զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու» «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեղադրանքներ են առաջադրվել: Առաջադրված մեղադրանքներով լրագրողը կարող է դատապարտվել երկար ժամկետով ազատազրկման:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում: