Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ու Արարատի մարզը համագործակցության հուշագիր են ստորագրել
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը հանդիպել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունը վարչական շրջանի և մարզի միջև՝ կողմերը խոսել են փոխգործակցության ուղղությունների ու հեռանկարների մասին, որից հետո կնքվել է բարեկամության համաձայնագիր:
Ըստ այդմ, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում նախատեսվում է իրականացնել փորձի փոխանակման, մշակութային, սոցիալական, առողջապահական ուղղվածության ծրագրեր,մարզական միջոցառումներ, ուսուցիչների, աշակերտների, մարզդպրոցների մարզիչների փոխայցելություններ:
ՀՀ Արարատի մարզ կատարած բարեկամական այցի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը հանդիպել է Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ: Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և ՀՀ Արարատի մարզի միջև համագործակցության համաձայնագրով վարչական շրջանի ու Մասիս քաղաքի միջև փոխգործակցություն կծավալվի երիտասարդության հետ տարվող աշխատանքների , ինչպես նաև մշակութային, կրթական ու այլ ոլորտներում: