Նորագավիթում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարությունը հուլիսի 24-ին, ժամը 11:30-ին տեղեկատվություն է ստացել, որ Նորագավիթի 10-րդ փողոցի տներից մեկում արձանագրվել է աղիքային վարակին բնորոշ գանգատներով հիվանդության դեպք: Նախարարության մասնագետներն իրականացրել են դեպքի համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ հարակից տներում նույնպես կան նման գանգատներով անձինք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անմիջապես կազմակերպվել են բակային համայցեր, որոնց արդյունքում ևս հայտնաբերվել են մի շարք հիվանդներ: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, ոչ բարձր ջերմություն, ջրային բնույթի լուծ: Ընդհանուր թվով արձանագրվել է տարբեր տարիքի 40 հիվանդ: Բոլորի վիճակը թեթև է: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:
Կատարվել է դեպքերի քարտեզագրում, համաճարակաբանական վերլուծություն, իրականացվել են նմուշառումներ հիվանդների կենսաբանական նյութից, հոսող և պահեստավորված ջրից:
Դեպքերի թեթև կլինիկական ընթացքը, տարբեր տարիքային խմբերի ընդգրկումը, որոշակի տարածքում միաժամանակյա դեպքերի արձանագրումը, բնակչության շրջանում իրականացված հարցախույզերի արդյունքերը վկայում են, որ բռնկման հավանական պատճառը ջուրն է: Աշխատանքները շարունակվում են: