Բոժոժավոր օձի խայթոցը տղամարդու համար 150 հազար դոլար արժեցավ (լուսանկարներ)
LifestyleԱնփույթ տղամարդը ցանկանում էր սելֆի անել բոժոժավոր օձի հետ, բայց արդյունքում սողունը խայթեց նրան։
Բանն այն է, որ Սան Դիեգոյի բնակիչ Թոդ Ֆասսլերը նախկինում շատ էր սիրում օձերին, ավելին` նա կարծում էր, որ կարողանում է ընդհանուր լեզու գտնել նրանց հետ։ Նա նույնիսկ տանը բոժոժավոր օձ էր պահում։
ԱՄՆ–ի Անկախության օրը Թոդը նշում էր բնության գրկում, որտեղ էլ նկատեց մի բոժոժավոր օձի և որոշեց սողունի հետ սելֆի անել։ Բայց օձն այլ կարծիքի էր և արդյունքում խայթեց նրան։
–Իմ ողջ մարմինը բառացիորեն կաթվածահար եղավ։ Լեզուս դուրս ընկավ բերանիցս, աչքերս պտտվեցին ակնախորշերում,– հիշում է Թոդը։

Խայթած ձեռքը բոսորագույն դարձավ։ Որպեսզի փրկեն Թոդի կյանքը, նրան ստիպված մի քանի հիվանդանոց տեղափոխեցին։
Արդյունքում բժիշկները 153 հազար 161 դոլար և 25 ցենտի հաշիվ ներկայացրեցին տղամարդուն։ Նրա ապահովագրական կազմակերպությունը դեռևս բանակցություններ է վարում հիվանդանոցների հետ, և դեռ հայտնի չէ, թե որքանով կթեթևանա արկածախնդիր տղամարդու քսակը։
