Իրաքյան ուժերն ազատագրել են Անբարի նահանգի օլիմպիական մարզադաշտի շրջանը
ՀասարակությունԻրաքյան ուժերը հուլիսի 28-ին ազատագրել են երկրի արևմուտքում գտնվող Անբարի նահանգի Ռամադի քաղաքի օլիմպիական մարզադաշտի շրջանը:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իրաքի Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել են «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ, վնասազերծվել են մեծ թվով պայթուցիկ սարքավորումներ, ականապատ տներ:
Ռազմական գործողություններն իրականացվել են իրաքյան բանակի, ոստիկանության, ազգային պաշտպանական ջոկատների, օդային ուժերի մասնակցությամբ: Համատեղ ուժերն այսօր ուղղվել են դեպի Ռամադի քաղաքի արևմտյան հատվածները:
Մյուս կողմից՝ Սալահ ադ Դին նահանգիի Բայջիի շրջանում, երեք ականապատ մեքենաների պայթյուններից 11 մարդ զոհվել, ևս 15-ը վիրավորվել է: Զոհերն ու վիրավորները իրաքյան անվտանգության ուժերի և ազգային պաշտպանական ջոկատների անդամներ են: