ՎԶԵԲ-ի 2 մլրդ դրամ արժեքով պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում
Տնտեսություն«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում տեղի է ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 4-րդ թողարկման պարտատոմսերի (EBRDB4) տեղաբաշխումը:
Ինչպես տեղեկացրին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից, ընկերության կողմից տեղաբաշխմանը ներկայացված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային, լողացող տոկոսադրույքով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող 6-ամսյա պարտատոմսերի եկամտաբերության կորի արժեքին, որին գումարվում է 0.25 տոկոս մարժա՝ հետագա արժեկտրոնային վճարումների համար: Աճուրդի ընթացքում ձևավորված` արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը կազմել է 12.0328 տոկոս:
Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է բորսայի 3 անդամ: