Առաջին դասարանցիների հագուստի և անհրաժեշտ պարագաների թանկացումը շատ չնչին կարող է լինել
ՀասարակությունԱռաջին դասարանի երեխային դպրոցական պարագաներ և հագուստ գնելու համար ծնողները մոտավորապես 25-30 հազար դրամ կծախսեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով` պարագաների ու հագուստեղենի թանկացումները շատ չնչին կարող են լինել:
«Այլ հարց է, թե սպառողն ի վիճակի է գնել այնպես, ինչպես մեկ տարի առաջ. սա է խնդիրը: Սոցիալապես անապահովների թիվը տարեցտարի ավելանում է: Խորհրդային տարիներին բոլորը նույն կարգավիճակում էին, դպրոցականներն իրարից չէին տարբերվում, այսօր տարբերությունները շատ են, ծնողներն ուզում են, որ երեխան հետ չընկնի, վերջին կոպեկն են ծախսում հագուստի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կարեն Չիլինգարյանը:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահի խոսքով` բարձր դասարանների աշակերտների դեպքում գումարն այլ է` կախված, թե ինչ հնարավորություն ունեն ծնողները: «Դպրոցականը կարող է նույն հագուստով գնալ կամ նույն պայուսակն օգտագործել, ինչ նախորդ տարի»,-նշեց նա:
Կարեն Չիլինգարյանն ընդգծեց, որ մեզ մոտ ընդունված է` հենց մոտենում է սեպտեմբերը, պիտույքներն սկսում են թանկացնել: «Խորհուրդ կտայի, որ հիմա սկսեն գնումներ իրականացնել»,-նշեց նա: