«Yerevan Jazz Fest 2015»-ի շրջանակում կանցկացվի երեք համերգ
ՄշակույթՀայաստանում սեպտեմբերին անցկացվող «Yerevan Jazz Fest 2015» փառատոնը բաղկացած կլինի երեք համերգներից:
Ինչպես տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Ջազի հայկական ասոցիացիայից և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունից, համերգները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Կ .Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Սեպտեմբերի 17-ին ջազ-փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ-նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:
Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած «Ռիչարդ Բոնա» բենդի համերգը: Բենդի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:
Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ-նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաև կատարումներով հանդես կգան Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):