ՀՔԾ քննչական կորպուսի վերապատրաստման դասընթացները շարունակվում են
ՀասարակությունՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ամրապնդելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը, շարունակում է վերապատրաստման, ուսուցողական դասընթացներ անցկացնել ծառայության քննչական կորպուսի ներկայացուցիչների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, հուլիսի 31-ին կազմակերպված դասընթացի շրջանակներում հիշյալ կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ, քիմիական գիտությունների թեկնածու Արսեն Ազիզյանը ներկայացրել է զարդերի կեղծման հիմնական ձևերը, ճշգրտվել է փորձաքննությամբ լուծվող հարցերի շրջանակը, քննարկվել են մետաղագիտական փորձաքննության առանձնահատկությունները, կիրառվող հետազոտությունների տեսակներն ու մեթոդները և մի շարք այլ հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել ճանապարհատրանսպորտային պատահարների՝ վրաերթերի հանգամանքների քննության ընթացքում նշանակվող նյութագիտական ոլորտի մի շարք փորձաքննությունների մեթոդիկաներին և դրանցով պայմանավորված առանձնահատկություններին:
Մասնագիտական փորձը փոխանցելով՝ Արսեն Ազիզյանը քննչական կորպուսի ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել նաև պաշտոնատար անձանց կողմից դրամական կաշառք ստանալու փաստը հաստատելու վերաբերյալ նշանակվող փորձաքննություններին: Այդ համատեքստում մանրամասն ներկայացվել են կաշառքի առարկա հանդիսացող թղթադրամների, հագուստի ու մարդու ձեռքերի վրա լյումինաֆոր տեսակի նյութի հետքերի հայտնաբերման ու դրա նույնացման նպատակով կատարվող փորձաքննությունների առանձնահատկությունները: