Ստեղծվել է 26-ամյա ծննդկանի մահվան պատճառները պարզելու մասնագիտական հանձնաժողով
ՀասարակությունԵրևանի «Էրեբունի» հիվանդանոցում 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառները պարզելու և մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ և գլխավոր մասնագետների ներգրավվածությամբ ստեղծվել է հանձնաժողով. այդ մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան կապակցությամբ: Տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու և մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ և գլխավոր մասնագետների ներգրավվածությամբ ստեղծվել է հանձնաժողով: ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում և ակնկալում է անաչառ ուսումնասիրություն»,- ասված է հայտարարությունում:
Մերի Մարգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը նրան կատարել են անհապաղ կեսարյան հատում: Կինը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: Մերի Մարգարյանի մահվան պատճառ է դարձել հղիների մոտ հազվադեպ հանդիպող բարդությունը, որը զարգանում է կայծակնային արագությամբ: Ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաև ծննդկանի նորածին դուստրը: