Պիտեշտի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ
ՀասարակությունՌումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Սբ պատարագ է մատուցել Պիտեշտի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամուլի ծառայությունից, պատարագին ներկա են եղել Արճեշի նահանգապետ Ֆլորին Տըկուն, Ռումինիայում ՀՀ հյուպատոս Արսեն Միքայելյանը, Պիտեշտի Սբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ ռումեն քահանա Տեր Լուչիան Գեորգեն և բազում հավատացյալներ:
Սբ Պատարագի ավարտից հետո, Տաթև սրբազանն իր շնորհակալությունն է հայտնել հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանին, Պիտեշտի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամներին, ովքեր ջանադրությամբ կազմակերպում են համայնքային միջոցառումներ և ավելի զորացնում հոգևոր կյանքը:
Սրբազան Հայրը իր քարոզում շնորհակալություն է հայտնել նաև Արճեշի նահանգապետ Ֆլորին Տըկուին, ով միշտ մասնակից է և աջակից Պիտեշտի հայության համայնքային կյանքին:
Պատարագի ավարտին` ձեռամբ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, օծվել է խճանկարից պատրաստված Սբ Հովհաննես Մկրտչի սրբապատկերը: Սրբապատկերի օծման արարողությունից հետո Տաթև սրբազանը եկեղեցուն է նվիրել Հայկ սարկավագ Ազարյանի կողմից պատրաստած Հիսուս Քրիստոսի պատկերը: