Արմեն Աշոտյանը հայ աշակերտների ստեղծագործական աշխատանքը նվիրել է Հայաստանում առաքելությունն ավարտող UNICEF-ի տնօրենին
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 5-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի տնօրենին Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի` կրթության և գիտության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած ծրագրերի համար:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Աշոտյանը նշել է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես, նախադպրոցական և ներառական կրթության ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև 2016-2021 թթ. համագործակցության նոր ծրագիրը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգու թյան գնահատման խնդրին:
Կողմերը քննարկել են նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ուղղված հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները պահանջում են համալիր` մի շարք գերատեսչությունների և հասարակական կառույցների համատեղ աշխատանք:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսին է նվիրել հայ աշակերտների ստեղծագործական աշ խատանքներից մեկը: