Շոգ եղանակով պայմանավորված` Երևանի կանաչ տարածքներում կատարվում է երկհերթ ոռոգում
ՀասարակությունԱննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է երկհերթ ոռոգումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է թվով 4 խորքային հորերից մղվող ջրերով:
Մայրաքաղաքում պահպանվում է նաև հրդեհավտանգ իրավիճակը, որից զերծ մնալու համար Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները համագործակցում են ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ: Հնարավոր հրդեհների հավանականությունը նվազեցնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հրդեհավտանգ հատվածներում ժամանակավորապես արգելվել են հրավառությունները: Դրան զուգահեռ արգելվել է նաև չոր խոտի այրումը: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են նաև համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները: