«Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» սպորտային ծրագիրը Երևանում կմեկնարկի նոր ռեկորդով
ՀասարակությունՀայաստանի 28 քաղաքների մարզիկներ, վորքաութ մարզաձևոմ նոր ռեկորդ սահմանելով, կազդարարեն «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագրի մեկնարկը: Օգոստոսի 9-ին Երևանի ԲուենոսԱյրեսի այգում մեկնարկող փառատոնին կսահմանվի նոր ռեկորդ. միաժամանակ 200 աթլետ գետնից 4000 հրում կկատարեն: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Սթրիթ վորքաութ ընդ սթրիթլիֆթինգ» ՀԿ նախագահ Արթուր Հարությունյանը:
«Արդեն երեք տարի է՝ սթրիթվորքաութ մարզաձևը Հայաստանում է: Միջոցառման նպատակն է միավորել ամբողջ Հայաստանում և Արցախում մարզվող սթրիթվորքաութի աթլետներին, անցկացնել ցուցադրական ելույթներ և կազմակերպել փորձի փոխանակում», - ասաց Արթուր Հարությունյանը:
«Մեր նպատակը հասարակության շրջանակներում առողջ ապրելակերպի և առողջ ու կարգավորված սննդի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրը մեկնարկեցինք անցած տարի, դրա շրջանակներում կազմակերպեցինք սկսնակ հեծանվորդների դասընթացներ և երկու հեծանվամարաթոն», - ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության Հայաստանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Սահակյանը: Նա հավելեց, որ այս տարի ծրագիրը լինելու է համապարփակ և ընդգրկելու է իր մեջ նաև լողափնյա վոլեյբոլը, բացօդյա շեյփինգը և ուսանողա կան բասկետբոլը:
«Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրը, մեկնարկելով Երևանում, կշարունակվի նաև մարզերում: Հեծանվավազքի դասընթացները բացի Երևանից տեղի կունենան նաև Գյումրիում և Իջևանում, իսկ լողափնյա վոլեյբոլի մրցաշարը տեղի կունենա Սևանում:
«Ռեկորդը գրանցվելու է Հայ դյուցազունների ակումբի կողմից: Նմանատիպ միջոցառումների շնորհիվ մեզ կհաջողվի ավելի մասսայականացնել ֆիզիկական կուլտուրան և սպորտը բնակչության շրջանակում, յուրաքանչյուր քաղաքացու համար ավելի առաջնային դարձնել առողջ ապրելակերպը: Այն հետագայում լուծելու է առողջապահական, հասարակական և սոցիալական ավելի բարդ խնդիրներ», - ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Տիգրան Միքայելյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականը միջոցառման իրականացման շրջանակներում կարևորեց մասնավոր հատվածի նախաձեռնությունը և համագործակցությունը պետական մարմինների հետ: