Արտաշատի տարածաշրջանում վերականգնված է ոռոգման ջրամատակարարումը
ՀասարակությունԳյուղնշանակության հողատարածքների ջրամատակակարման ընթացքին եւ ոռոգման համակարգում ընթացող մասնակի վերանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով օգոստոսի 6-ին Արարատի մարզետ Ռուբիկ Աբրահամյանը ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ կատարեց շրջայց: Ստուգայցը սկսվեց Մխչյան առաջին եւ Մխչյան երկրորդ պոմպակայաններից: Առաջին պոմ պակայանում ընթանում էին 1800 մմ տրամագծով վթարված խողովակի վերանորոգման աշխատանքները: Երկրորդ պոմպակայանում արդեն ավարտին էին մոտենում 1600 կվ հզորությամբ շարժիչի եւ մղման խողովակաշարի կոմպենսատորների վերանորոգման աշխատանքները: Ծանոթանալով ստեղծված իրավիճակին` «Սեւան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Գագիկ Վարդանյանին հանձնարարվեց մինչեւ օրվա վերջ ապահովել լիարժեք ջրամատակարարումը: Կատարվող վերանորոգման եւ կարգավորման աշխատանքների արդյունքում կվերականգնվի Արտաշատ եւ Դվին ջրանցքների, ինչպես նաեւ Ազատի քառաստիճան պ ոմպակայանների կանոնավոր ջրամատակարարումը, որը ոռոգման ջրով է ապահովում մարզի ավելի քան 120 համայնք:
«Ոչ լիարժեք ջրամատակարարումը համարժեք է բերքի կորստի: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս գյուղացու կողքին եմ: Թույլ չեմ տա, որպեսզի ստեղծվեն արհեստական խոչընդոտներ, մշտապես հետեւելու եմ ջրամատակարարման ընթացքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց մարզի ղեկավարը:
Բացի իրականցվող վերանորոգման աշխատանքներից, ոռոգման շրջանը սահուն անցկացնելու, գյուղացուն այս պատասխանատու պահին ոգոգման ջուր հասցնելու նպատակով «Արտաշատ» ՋՕԸ-ի եւ «Վեդի» ՋՕԸ-ի տարածքում կատարվում են նաեւ մաքրման աշխատանքներ:
Մինչ օրվա ավարտը խնդիրն ստացավ իր լուծումը. արդեն վերականգնված է ոռոգման ջրի կանոնավոր մատակարարումը:
Լիլիթ Մաճկալյան