Հայերն ասորիների հետ ոգեկոչել են ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցը
ՀասարակությունԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը մասնակցել է ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցին մատուցված տիեզերական պատարագին:
Ինչպես հաղորդում է AINA լրատվական գործակալությունը, արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Լոս Անջելեսում՝ ասորիների ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի նախաձեռնությամբ: Արարողությանը ներկա է եղել նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը: Հնչել է «Տեր ողորմյա» շարականը: Իսկ Սուրբ Սոֆիա հույն առաքելական եկեղեցու ավագ քահանա Հովհաննես Բակասը կատարել է հունական շարական:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում հայերից և հույներից բացի ցեղասպանություն է իրականացվել նաև ասորի բնակչության դեմ: Տարբեր աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը եղել է 500 - 750 հազար մարդ: Օգոստոսի առաջին շաբաթն ամբողջ աշխարհի ասորիները ոգեկոչում են իրենց զոհերի հիշատակը: