«Սեւան» ժողովրդական պարերի համույթը Վրաստանից վերադարձավ դափնեկրի կոչմամբ
ՄշակույթՍեւան քաղաքի «Սևան» ժողովրդական պարերի համույթն այս տարվա հուլիսի վերջերին Վրաստանում կայացած պարի միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցներից մեկն էր, որը տուն վերադարձավ՝ փառատոնի դափնեկրի կոչումը նվաճած: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան» ժողովրդական պարերի համույթի ղեկավար Իշխան Խաչատրյանը, «Հայ-Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի նախաձեռնությամբ մարզկենտրոն Գավառում կազմակերպված պարի մրցույթ-փառատոնում 1-ին մրցանակային տեղը գրաված «Սեւան»-ը Վրաստանի Հանրապետությունում կազմակերպված եզրափակիչ փառատոնում էլ հանդես եկավ կատարողական վարպետությամբ:
«Համույթի ներկայացրած մրցութային պարը` «Փափուր»-ին, արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին: Մրցութային օրն ամփոփելուց հետո «Սևան» ժողովրդական պարերի համույթն արժանացավ դափնեկրի կոչման եւ առաջին մրցանակի: Մենք լավագույնս ներկայացրինք ե՛ւ Սեւանը, ե՛ւ մեր հանրապետությունը: Մրցութային մասին հաջորդեց նաեւ համերգային ծրագիրը, որի ժամանակ հանդես եկանք «Շալախո» եւ «Ծաղկաձոր» պարերի կատարմամբ: Հանդիսատեսը մեր ելույթներն ընդունեց մեծ խանդավառությամբ եւ երկարատև ծափերով»,- հավաստեց Իշխան Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան