ԱՄՆ-ում հազարից ավելի երեխաներ հիվանդացել են քիչ հանդիպող շնչառական վիրուսով
ԱՄՆ-ի արևելյան ու կենտրոնական մասի տասը նահանգներում հազարից ավելի երեխաներ են վարակվել շնչառական վիրուսի հազվագյուտ տարատեսակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:
Պաշտոնապես բժիշկներն առայժմ չեն նույնականացրել վիրուսի մանրէահիմքը, սակայն մի քանի նահանգներում կատարված հետազոտությունների նախնական տվյալները մատնանշում են, որ խոսքը մարդու հիվանդանալու համար քիչ հանդիպող էնտերովիրուս-68-ի մասին է: ԱՄՆ-ի հիվանդությունների կանխման վերահսկողության կենտրոնի տվյալների համաձայն՝ վիրուսի այդ տարատեսակը շնչառական սուր հիվանդությունների հարուցիչ է: Բժիշկների խոսքով, որոնք բուժել են անչափահաս հիվանդներին, վիրուսը կարող է ազգային խնդրի վերածվել:
Հիվանդացած երեխաներն առավել մեծ թիվ են կազմում Կանզասում՝ 450: Նրանցից 60-ը տեղափոխվել են հիվանդանոց: Վիրուսի համանման ախտանիշներով երեխաներ են գրանցվել Միսսուրիում, Իլինոյսում, Կենտուկիում, Այովայում, Օհայոյում, Օկլահոմայում, Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում:
Բժիշկներն առայժմ չեն կարողանում ճշգրիտ պարզել, թե ինչպես է վիրուսը տարածվել նման մասշտաբով, թեև ուսումնական տարվա սկիզբը վարակների տարածման սովորական շրջան է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: