Տեղացած անձրեւները Գեղարքունիքում նպաստել են աշնանացանի աշխատանքների կազմակերպմանը
ՀասարակությունՎերջին երեք օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ տեղացած անձրեւները շատ նպաստավոր են եղել հատկապես աշնանացան ցորենի ցանքի աշխատանքների բնականոն ընթացքի համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, տեւական երաշտից հետո կոշտացած հողի հերկման համար առաջին անհրաժեշտ պայմանը տեղումներն էին, որոնք, բարեբախտաբար, գոնե աշնանացանի աշխատանքների մեկնարկին չուշացան:
«Այս անձրեւները մեզ հույս են ներշնչում, որ կկարողանանք պահպանել նախորդ տարվա աշնանացան ցորենի ցանքերի չափը: Պահանջարկի դեպքում տնտեսություններին ապահովում ենք պետության կողմից սուբսիդավորված սերմացուով, պարարտանյութերով եւ դիզվառելիքով:
Տնտեսություններում արդեն ընթանում են ինչպես վարի, այնպես էլ ցորենի ցանքի աշխատանքները, որոնք կշարունակվեն սեպտեմբեր-հոկտեմբերին»,- հավաստեց գյուղվարչության պետը:
Խոսրով Խլղաթյան