Մոսկվայում բացվում է գրքի միջազգային ցուցահանդեսը, որի հատուկ հյուրերի թվում է Հայաստանը
ՄշակույթՄոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին կմասնակցեն աշխարհի 30 երկրների 400-ից ավելի ռուսական եւ արտասահմանյան հրատարակություններ, սեպտեմբերի 2-ին կբացվի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի թիվ 75 տաղավարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տոնավաճառի մա մուլի ծառայությանը:
«Ցուցահանդես-տոնավաճառը կդառնա Գրականության տարվա գլխավոր իրադարձություններից մեկը: 30 երկրների 400-ից ավելի ռուսաստանյան եւ արտասահմանյան հրատարակություններ ավանդաբար կներկայացնեն գեղարվեստական, մանկական, ուսումնական, գիտահանրամատչելի, տեղեկատու-հանրագիտարանային գրականության լավագույն նմուշները»,- հաղորդել է մամուլի ծառայությունը:
Տոնավաճառի շրջանակներում կանցկացվի ավելի քան 500 միջոցառում, ներառյալ հանդիպումներ ճանաչված գրողների, նոր գրքերի հեղինակների, դերասանների, ռեժիսորների, քաղաքական գործիչների ու մարզիկների հետ: Ցուցահանդեսի առաջին օրը կկայանա «Տարվա գիրքը» ամենամյա ազգային մրցույթի արդյունքների ամփոփումը:
Ցուցահանդեսի հատուկ հյուրերն են Հայաստանը, Սերբիան եւ Իրանը: Այս տարի Հայաստանը Մոսկվայի միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է գրքեր՝ նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գլխավոր տաղավարի մերձակա բեմահարթակին բանաստեղծական ընթերցումների եւ այլ միջոցառումների շարքում տեղի կունենան Հայաստանի, Սերբիայի եւ Իրանի ավանդական մշակույթը ներկայացնող երաժշտական խմբերի համերգները:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 6-ը: Դրա կազմակերպիչների կանխատեսմամբ՝ այն կայցելի առնվազն 100 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: