Հայտնի են ադրբեջանական կրակահերթից վիրավորված Կոթիի բնակիչների անունները
ՀասարակությունՀայտնի է Տավուշի մարզի Կոթի համայնքում հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված քաղաքացների ինքնությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը, հակառակորդի կողմից գյուղի գնդակոծության հետևանքով հրազենային վնասվածք են ստացել 42-ամյա Նազիկ Թումանյանը և 22-ամյա Ռազմիկ Թումանյանը: «Նրանք զբաղվում են իրենց գյուղացիական տնտեսությամբ»,- ասաց Մելիքյանը:
Մելիքյանը մանրամասներ հաղորդեց նաև վիրավորվածների առողջական վիճակի վերաբերյալ: Նա հայտնեց, որ այս պահին նրանց վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք հրազենային վնասվածքներ են ստացել ոտքի հատվածում:
Օգոստոսի 31-ից սկսած` հակառակորդը կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ շարունակ գնդակոծել է վերոնշյալ հատվածները: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը գնահատել էր «լարված»՝ հավելելով, որ կրակոցները շատ ուժեղ են: