Կայացավ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի բարեգործական համերգը
ՄշակույթԳավառի մշակույթի տանը սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի բարեգործական համերգը: Համերգին ներկա էին Գավառի երաժծտասերները, մշակույթի ու կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, համերգը կրում էր բարեգործական բնույթ, եւ նրա կայացմանը աջակցել էին Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի քաղաքապետարանը:
Հանդիսատեսին ներկայացվեցին Սարգիս Ասլամազյանի մշակմամբ կոմիտասյան ստեղծագործություններ` գրված լարային գործիքների համար, ինչպես նաեւ համաշխարհային կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:
«Այս քառյակում ցայտուն դրսեւորվեց ազգային խորը, հնագույն շերտերից եկող ինտոնացիոն հիմքի եւ նորագույն կոմպոզիցիոն տեխնիկայի համադրումը: Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի կարեւորագույն արժանիքը կառուցվածքային հստակ դասական մտածողությունն է: Մաղթենք այս ստեղծագործություններին երկարատեւ կյանք, ստեղծագործական նոր շնչառություն եւ հուսանք, որ քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա, եւ Գավառի հադիսատեսը ավելի հաճախ հնարավորություն կունենա ունկնդրել երաժշտախմբի կատարումները», - համերգի վերջում «Արմենպրես»-ին իր տպավորությունները փոխանցեցԳեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը:
Խոսրով Խլղաթյան