Ֆրանսահայերը միանում են ներգաղթյալներին ընդունելու Ազնավուրի կոչին
ՀասարակությունՖրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը միանում է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազանվուրի՝ Եվրոպա ժամանող ներգաղթյալներին Ֆրանսիայի հեռավոր գյուղերում և քաղաքներում ընդունելու կոչին:
Այդ մասին հայտնում է Nouvelles d`Armenie-ն:
«Սիրիան, որը Հայոց ցեղասպանության տարիներին դարձավ բազմաթիվ հայերի ապաստան, այսօր տեսնում է, թե ինչպես է իր ժողովուրդը բռնել աքսորի ուղին: Չկա մի օր, երբ սիրիացիները չփորձեն ապաստան գտնել և վերակագնել իրենց բնականոն կյանքը Եվրոպայում: Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 1-ին կոչ արեց Ֆրանսիային իր ներդրումը բերել փախստականներին ապաստան տալու գործին: Փախստականները վտանգի եզրին են, սակայն այդ տղամարդիկ և կանայք ունեն մեծ ներուժ՝ իրենց հմտություններով ու աշխատուժով: Ֆրանսիայի հայ համայնքը, հավատարիմ լինելով Սիրիայի ժողովրդի հետ համերաշխո ւթյան ոգուն, ովքեր իրենց դռները բացեցին 1915-1916 թվականներին հայերի առջև, չի կարող անտարբեր լինել նրանց նկատմամբ: Այսօրվա ներգաղթյալները կարող են Ֆրանսիայի համար դառնալ այցեքարտ և նրանց հնարավորություն տալու դեպքում հաջողությամբ ծառայել Ֆրանսիային` տարբեր ոլորտներում: Դրա համար էլ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը միանում է Շառլ Ազնավուրի կոչին, որպեսզի իր ներդրումը բերի փախստականներին օգնություն ցուցաբարելու և գոյությունը պահպանելու գործին»,- ասված է հայտարարության մեջ: