Եթե անհրաժեշտություն լինի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իր աջակցությունը կցուցաբերի տուժած ընտանիքներին
ՀասարակությունԱրդեն երեք օր է՝ հակառակորդը ժամեր շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը՝ միաժամանակ կրակելով մի քանի ուղղություններով: Ադրբեջանական կողմն օգտագործում է տարբեր տրամաչափի արկեր, ականանետեր և դիպուկահարներ՝ վնասելով խաղաղ բնակիչների տները, տանիքները, անասնագոմերը: Հակառակորդի գնդակից վիրավորվել է նաև երկու քաղաքացիական անձ:

Օր ու եղանակ հաշվի չառնող հակառակորդի արձակած արկերից տուժած բնակիչները կրկին ստիպված են մի կողմ թողնել իրենց առօրյա հոգսերն ու նորոգել վնասված տների տանիքներն ու պատուհանների ապակիները: Օրվա հացի խնդիրը մի կերպ լուծող սահմանապահ գյուղերի բնակիչները, սակայն, կրկին կանգնել են անելանելի խնդրի առջև, քանի որ արկերից վնասված տները վերականգնելու գումար չունեն: Պետությունն էլ, ինչպես ասում են, մինչև մի քանի նիստ գումարի, վնասի չափերը պարզի, գումար հայթայթի ու գյուղացիներին տրամադրի, նորից գարուն կգա: Իսկ առջևում ձմեռ է, ու ինչպես չար լեզուներն են ասում, այս տարի այն բավականին ցրտաշունչ է լինելու:

Orer.am-ը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Իվետա Տոնոյանից փորձեց պարզել, թե ադրբեջանական ուժերի գնդակոծության հետևանքով քանդված և ավերված տների տանիքները և ապակիները վերականգնելու նպատակով հիմնադրամը պատրաստվո՞ւմ է օգնություն տրամադրել սահմանապահ գյուղերի բնակիչներին: «Ծառուկյան հիմնադրամը մշտապես առանձնահատուկ հոգածության տակ է պահել սահմանամերձ շրջանների խնդիրների լուծումը և նմանատիպ իրավիճակներից հետո օգնել է բնակիչներին՝ տրամադրելով շինանյութ և տանիքների վերանորոգման համար անհրաժեշտ պարագաներ: Սակայն, անկեղծ ասած, այս անգամ դեռևս հնարավորություն չի եղել այդ հարցը քննարկել պարոն Ծառուկյանի հետ: Բայց կարծում եմ, որ եթե նման անհրաժեշտություն լինի, ապա անպայման «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը իր աջակցությունը կցուցաբերի տուժած ընտանիքներին»,- ասաց Ի. Տոնոյանը: