Երվանդ Քոչարի գործունեության փարիզյան և երևանյան շրջանի ստեղծագործությունները կամփոփվեն մեկ ցուցահանդեսում
ՄշակույթԵրվանդ Քոչարի գեղանկարները, գրաֆիկական աշխատանքները, քանդակները և տարածական նկարչության օրինակները կամփոփվեն մեկ ցուցահանդեսում: Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի տուն- թանգարանի հետ սեպտեմբերի 10-ից կանցկացնի «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային պատկերասրահի հասարակայն ության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։
Ներկայացվելու են Քոչարի գործունեության փարիզյան և երեւանյան շրջանի ստեղծագործությունները` երեւանյան շրջանի գերակշռող հատվածով։
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: Երվանդ Քոչարը (Քոչարյան) 1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1915–18-ին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում, 1918–19-ին՝ Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում: 1919-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում:
Հայկական գծանկարչության լավագույն նմուշներից է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական ակադեմիական համահավաք տեքստի հրատարակության նկարազարդումների շարքը (1939թ.), որն առանձնանում է միանգամայն նոր ձևով և գեղարվեստական մեկնաբանմամբ: